«Էս ինչ ձևի կենդանի ա սա, հլը սրան նայեք, դու ոչ մի բանի հետ գործ չունես»,- գեներալ Սեյրան Սարոյանի այս որակումն ուղղված էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին, երբ ընդմիջումից հետո ԱԺ դահլիճ վերադարձան: Մինչ այդ նրանց միջև ԱԺ միջանցքում թեժ վեճ էր եղել: Խնդիրն այն էր, որ Սեյրան Սարոյանին դուր չէին եկել Սյունիքի մարզպետի հասցեին Փոստանջյանի գնահատականները: «Ես քեզ որպես քաղաքական գործիչ հարգում եմ, բայց դու իրա ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Սուրիկը քաղաքական գործիչ ա, իրան ասա,- զայրացած հարցրեց գեներալը, հետո էլ թե.- Մարդուն վարկաբեկելու հըմար, խելքդ քոնը չի: Չի կարելի ընտանիքներին կպնել, աղջիկ ջան, էլի եմ ասում, Սուրիկը քաղաքական գործիչ ա, իրան կպի, երբեք մի իջի ընտանիքին: Քու նման կնիկ ունի Սուրիկը, քու նման ընտանիք…բարոյական: Ավել-պակաս մի խոսա»,- շարունակում էր գոռգոռալ պատգամավոր-գեներալ Սարոյանը, որը Սուրեն Խաչատրյանի որդու քավորն է: Փոստանջյանի դիտարկումը, թե իր ասած որակումները նյութերով ապացուցված են... անցան ապարդյուն:
-Ես իրա կնոջ հետ ինչ գործ ունեմ, բայց որդին թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ …
- Բա որ չապացուցես:
-Ապացուցված ա: Կա փորձագիտական եզրակացություն Բուդաղյանների գործում:
-Ես էլ ասում եմ`քո մարդն ու քո երեխեքն են նարկաման: Ամոթ ա, բազմազավակ մայր ես, ուրիշի երեխուն պետք չի վարկաբեկել: Կռվարար ա, կարաս ասես կռվարար ա, բայց չես կարա ասես նարկաման ա:
-Ո՞վ է կրակել Բուդաղյանների վրա:
-Ով ա եկել տան վրա, աղջիկ ջան, ընչի էին եկե տան վրա: Ընչի էին եկե Սուրիկի տան վրեն:
Պատգամավորները փորձեցին հանգստացնել ու տանել Սեյրան Սարոյանին, որն այդպես էլ չէր ուզում հանդարտվել ու բարձր գոռում էր անգամ լրագրողների արած ռեպլիկների վրա:
Դահլիճ վերադառնալով՝ Զարուհի Փոստանջյանն իր նախագիծը, որը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործություններին, բայց որը այդպես էլ ԱԺ նախագահը չէր համաձայնել շրջանառության մեջ դնել, մեկնեց Սեյրան Սարոյանին: Վերջինս բորբոքվեց ու այն պատռեց՝ Փոստանջյանին անվանելով «կենդանի»: Սա հունից հանեց նաև Փոստանջյանին ու նա սպառնաց ոստիկանություն կանչել: Կրկին ՀՀԿ-ական պատգամավորները փորձեցին հարթել վեճը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ